Պլովդիվի ՀԲԸՄ մասնաճյուղի Երիտասարդ Արհեստավարժները (AGBU YP) մայիսի 19-ին, կազմակերպել էին «Հայ գրքի տոնավաճառ», ուր ներկայացված էին վերջին տարիներին Բուլղարիայում լույս տեսած հայ հեղինակների հրատարակությունները բուլղարերենով:

«Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին մեծ թվով պաշտոնական հյուրեր, բարձրաստիճան հոգեւորականներ: Պատվավոր հյուրերի շարքում էր բուրգասահայ ճանապարհորդ եւ գրող Կարո Աղջիյանը, որը ներկաներին ներկայացրել է իր վերջին գրքերը: Միջոցառման ընթացքում Բուրգասի Սուրբ Խաչ եկեղեցու դիրիժոր եւ մեներգչուհի Մերի Մովսիսյանը ներկաներին ներկայացրել է մի քանի հայկական շարականներ: Իսկ Պլովդիվի Մալվինա Մանուկյանի անվան մանկական թատրոնի սաները, Վարդա Մարուքյանի գլխավորությամբ, ներկայացրել են հայ եւ բուլղար բանաստեղծներից մի շարք ստեղծագործություններ: Ներկաների մեծամասնությունը կարողացել են հարստացնել իրենց անձնական գրադարանները նոր գրքերով, որոնցից շատերը հեղինակների մակագրությամբ:

Բուլղարիայում հրատարակչական գործի մեջ մեծ դեր է ունեցել ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղը, հայ բարերար, մասնաճյուղի ատենապետ Ռուբեն Չավուշյանի գլխավորությամբ, ով ջանք եւ միջոց չի խնայում, որպեսզի հայ գրականությունը հասանելի դառնա բուլղարախոս հասարակությանը:

Վերջին տարիներին ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի հովանավորությամբ բուլղարերենի են թարգմանվել եւ հրատարակվել «Սասունցի Դավիթ» պոեմը (թարգ. Միհրան Պողոսյան), «Հայ անձնանունների բառարանը» (թարգ. Հակոբ Օրմանջյան), Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» մենագրությունը, Նահապետ Քուչակի ստեղծագործությունները եւ ուրիշ այլ գրքեր: Միաժամանակ հրատարակվել են բուլղարահայ հեղինակների գրքեր, որոնց թվում Գեւորգ Արթինյանի «Ամիրդովլաթ Ամասիացու հետնորդները. Պլովդիվահայ բժիշկներ, ատամնաբուժներ», Էլէնա Դիվարովայի «Գնացքներ» ժողովածուն, Ժիրայր Պատվականյանի «Գյուլիստանից մինչեւ Մոսկվա. Պատմական պայմանագրեր եւ Հայաստանի ճակատագիրը», Կարո Տոմպաքյանի «Մի հոր հիշողություններ» ինքնակենսագրականը եւ այլն:

ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի հրատարակչական գործում իր ուրույն տեղն ունի նրա պաշտոնաթերթ «Բարեգործականի Ձայնը», որի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Էռնիասյանը ջանք եւ եռանդ չի խնայում այն առավելագույնս հետաքրքրական դարձնելու համար: Թերթի առջեւ դրված ամենակարեւոր առաջադրանքններից է հայապահպանության գործը եւ հայ արվեստի ու մշակույթի տարածումը իր ընթերցողների շրջանում: Նշենք, որ տ-ն Էռնիասյանը միաժամանակ ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի օժանդակությամբ գործող «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքի բուլղարերեն լեզվով հրապարակվող նյութերի գլխավոր սրբագրիչն է:

Վստահ ենք, որ առաջիկայում եւս բուլղարախոս ընթերցողները առիթը կունենան իրենց գրադարաններում ունենալ նոր թարգմանություններ, ինչպես նաեւ բուլղարահայ հեղինակների նոր հրատարակություններ: