Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր՝ մայիսի 21-ին, ընդմիջումից հետո աշխատանքները վերսկսեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների առաջարկած «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագծի քննարկմամբ:
Նախագծի հեղինակներն են Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը, Թեւան Պողոսյանը:
Ըստ հիմնական զեկուցող Ռ. Հակոբյանի՝ առաջարկվում է ընտրություններից հետո 2-օրյա ընթացքում ընտրատեղամասերում փակցնել ընտրություններին մասնակցածների ցուցակները:
Դա, ըստ Ռ. Հակոբյանի, անհրաժեշտ է լցոնումները կանխելու համար, քանի որ լցոնումներն իրականացվում են այն ժամանակ, երբ ընտրությունների մասնակիցների անունները հայտնի չեն: Նա օրինակ բերեց Գեղարքունիքի մարզը, որտեղ մեծ տեսակարար կշիռ են կազմում արտագաղթածները, սակայն ընտրությունների մասնակիցների թիվը կազմում է մինչեւ 71%:
ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ներկայացրած նախագիծը հակասում է Սահմանադրությանը, Սահմանադրական դատարանի որոշմանը եւ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը: Այդ պատճառով, ըստ Լ. Մարտիրոսյանի, հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին:




























