Երբ Կառավարության կազմը գրեթե նույնն է, արհեստական կլիներ ռադիկալ փոփոխություններ առաջարկող մի ծրագիր: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Նա մասնավորապես ասել է.

«Հայտարարությանս կարիքը, թերեւս, չէր լինի, եթե Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում չհնչեին գնահատականներ եւ կարծիքներ, որոնք հնչեղ են, բայց շատ ժամանակ անպատասխանատու եւ անվստահելի:

Բազմիցս հնչեց «թաղային խուժան» արտահայտությունը: Դուք իրոք կարծում եք, որ մեր ժողովուրդը ձեր իսկ կողմից բնորոշված «խուժաններին» լսող է եւ հետեւո՞ղ: Չեմ կարծում...

Հնչեց, որ Կառավարության ծրագիրը կենացների ժողովածու է եւ երկրի ղեկավարի ելույթի խմբագրված տարբերակը: Հնչեցին այնպիսի կոպիտ բնորոշումներ, ինչպիսիք են «խաբող», «քցող», «եկել եք, ծրագիր եք ներկայացնում, որ ի՞նչ անեք»:

Որ երկիրը տանենք դեպի զարգացում:

Շահարկվեցին բոլորիս համար ցավալի իրողություններ՝ կարկուտից տուժած գյուղացիներ, գազի գնի թանկացում, անգամ շատ ողբերգալի միջադեպ՝ սպանություն բանակում:

Որեւէ ուժի քաղաքական կշիռը չի ավելանում պոպուլիստական արտահայտություններից (չեմ ասում ամբոխահաճո, քանզի չեմ դիտում սեփական ժողովրդիս իբրեւ ամբոխ):

Կառավարության ծրագիրը տրամաբանական է: Ճիշտ է, այն կայծակնային բարելավումներ եւ ամբիցիոզ ծրագրեր չի ներառում, ինչին արդարացիորեն ապասում է ժողովուրդը, սակայն իրատեսական է եւ կշռադատված:

Այս պայմաններում, երբ Կառավարության կազմը գրեթե նույնն է, արհեստական կլիներ ռադիկալ փոփոխություններ առաջարկող մի ծրագիր, իսկ այս ծրագրում առաջ քաշված առաջնահերթությունները (աշխատատեղերի ստեղծում, արտագաղթի,  աղքատության հաղթահարում), պետք է իրականացվեն հետեւողական աշխատանքի արդյունքում: Միասնական աշխատանքի արդյունքում:

Իսկ միասնական ազնիվ աշխատանքով, կարծում եմ, կհասնենք նաեւ այդքան նշված «վստահության միջավայրի» ձեւավորմանը: