ԵՄ-ն երբեք աչք չի փակում աշխարհում մարդու իրավունքների ցանկացած խախտման վրա: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԵՄ-ի քննադատական վերաբերմունքը Վրաստանում ի պաշտպանություն ԼԳՏԲ համայնքի ակցիայի մասնակիցների դեմ բռնություններ կիրառելու, միաժամանակ աչք փակելով Ադրբեջանում հայերի նկատմամբ ֆաշիստական հայտարարությունների առջեւ:

Հրիստեայի խոսքով՝ ԵՄ-ն փայտ չունի, որպեսզի երկրին պարտադրի որեւէ բան անել, եթե այդ երկիրը դա չի ցանկանում: «Մենք այդ խնդիրները լուծելու համար գնում ենք երկխոսության ճանապարհով»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն միայն կարող է այդ երկրների հետ աշխատել երկխոսության միջոցով: Դա վերաբերում է անհանդուրժողականության հետ կապված խնդիրներին, մասնավորապես, փոքրամասնությունների իրավունքներին, ընդ որում ոչ միայն սեռական փոքրամասնություններին, այլեւ ազգային:

ԵՄ դեսպանը վստահեցրել է, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները գտնվում են իրենց օրակարգում եւ քննարկվում են տվյալ երկրների պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ: «ԵՄ-ն երբեք լուռ չի մնում այդ հարցերում»,-ընդգծել է նա: