Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունը հակաօրինական եւ անհիմն մերժել է Մարտի 1-ի սպանությունների հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությունը։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցության հայտարարության մեջ։
«Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման խնդրով ընդդիմության հավաքած 48 ձայնը առավելագույնն է 1999 թվականից ի վեր խորհրդարանի պատմության մեջ։ Այս փաստը մի կողմից՝ վկայում է խնդրի հասարակական հնչեղության բարձր աստիճանի մասին, մյուս կողմից՝ ցուցադրում է վարչախմբի դեմ ընդդիմության միավորման իրական հնարավորությունը։ Քվեարկությունը ու դրան նախորդած քննարկումները ցույց տվեցին, որ Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման խնդրում կա երկու հստակ բեւեռ։ Մի կողմում ողջ քաղաքական դաշտն է, քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունների հետ՝ այն համոզմամբ, որ առանց տվյալ խնդրի լուծման Հայաստանը՝ որպես պետություն, ու նրա ժողովուրդը՝ որպես հասարակություն մնալու են փակուղու առջեւ։ Մյուս կողմում իշխանական կոալիցիան է ՀՀԿ եւ ՕԵԿ կազմով, որը ամեն կերպ խոչընդոտելով խնդրի լուծմանը, իր վրա է վերցնում կատարվածի ողջ պատասխանատվությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանդես գալով որպես ոճրագործության հեղինակ։ Ինչպես մինչեւ այժմ, այսուհետ եւս, անկախ բոլոր հանգամանքներից ու զարգացումներից, Մարտի 1-ի լիակատար բացահայտումը եւ հանցագործներին պատժելը Հայ Ազգային Կոնգրեսը համարել ու համարելու է իր գլխավոր քաղաքական խնդիրներից մեկը։ Այդ նպատակին հասնելու համար Կոնգրեսն օգտագործելու է քաղաքական, իրավական և քարոզչական բոլոր լծակները՝ գործելով ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ին կայացած նիստում միաձայն ընդունվել է մարտի 1-ի դեպքերի ուսումնաասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Նախապես քաղաքական պայմանավորվածություն է եղել, որ նախագահական ընտրություններից հետո այն կմտնի հանձնաժողով նիստ, եւ ըստ այդմ` հանձնաժողովի անդամները միաձայն դրական եզրակացություն են տվել: Համաձայն որոշման նախագծի` մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը բաղկացած է լինելու 7 հոգուց, որոնցից 2-ը կլինեն ՀՀԿ-ի պատգամավորները, իսկ մյուս խմբակցություններից` մեկական ներկայացուցիչ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է կողմերին մինչեւ հաջորդ քառօրյա նախագծի հեղինակների` ՀԱԿ-ի հետ քննարկել բոլոր առաջարկները եւ ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի հանձնաժողովը ստեղծվի:
Սակայն, այդպես չեղավ: Ազգային ժողովում մայիսի 20-ին, քվեարկության դրվեց մարտի 1-ի դեպքերի ուսումնաասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը. 47 կողմ, 58 դեմ եւ 2 ձեռնպահ քվեարկությամբ ՀԱԿ առաջարկը մերժվեց: Հանձնաժողով ստեղծելու նախագծին դեմ քվեարկեց միայն ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի պատգամավորները, իսկ մնացած խմբակցությունները, այդ թվում ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, կողմ քվեարկեցին դրան:




























