41 կողմ, 66 դեմ եւ 1 ձեռնպահ համամասնությամբ ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ մայիսի 22-ին մերժեց «Ժառանգություն» կուսակցության առաջարկը՝ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն կատարելու վերաբերյալ:
Քվեարկությունից առաջ Հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ ընտրություններից հետո բոլոր առաջարկները պետք է համալիր քննարկել:
ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանն ասաց, որ ճիշտ կլինի հետաձգել նախագծի քննարկումը՝ միասնաբար աշխատելու համար:
Հիշեցնենք, որ առաջարկվող նախագծով պետք է ընտրություններից հետո հրապարակվեն ընտրություններին մասնակցածների ցուցակները:
Նշենք, որ նախագծին կողմ քվեարկեցին «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը»:




























