Ռուսական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնում Մերձմոսկվայում ահաբեկիչների խմբի վնասազերծման գործողությունից: Մայիսի 22-ին պարզվել է, որ մայիսի 20-ին ոչնչացված երեք գրոհայիններից երկուսը Բաշկիրիայից են եղել: Նրանք կապ են ունեցել միջազգային ահաբեկչական «Թուրքստանի իսլամական կուսակցություն» կազմակերպության հետ:

Մերձմոսկովյան Օրեխովո-Զուեւո քաղաքում հատուկ գործողության ընթացքում սպանվել էին երկու ահաբեկիչ, երրորդը վիրավորվել էր եւ ձերբակալվել:

Պարզվում է, որ հատուկ գործողության ընթացքում բնակիչներին չեն էլ տարհանել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Հատուկ նշանակության ջոկատի մարտիկները չեն էլ կոտրել ահաբեկիչների բնակարանի դուռը՝ օգտվելով խմբավորման հետ կապի մեջ մտած մի մարդու օգնությունից:  Հնարավոր է՝ նա  «ուղարկված կազակի» դեր է կատարել: Հենց վերջինս զանգել է ահաբեկիչներին եւ խնդրել բացել դուռը, այդ ժամանակ էլ սկսվել է գործողությունը:

Հարեւանները տասնյակ կրակոցներ են լսել: Պատուհանից փախչել փորձող երկու ահաբեկչի սպանել են տեղում, իսկ երրորդին դուրս են բերել մուտքից՝ ամբողջովին մերկ վիճակում: