Լոռիի մարզկենտրոն  Վանաձորում այսօր՝ մայիսի 22-ին, բողոքի ակցիա է իրականացվել ուղղված գազի գնի բարձրացման դեմ (ֆոտոռեպորտաժ): Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ակցիան մեկնարկել է «Արցախ» պուրակում, որտեղ մի քանի կոչեր հնչեցնելուց հետո ակցիայի մասնակիցները ուղեւորվել են Հայքի հրապարակ: «Արցախ» պուրակում ակցիային մասնակցել են 30-40 քաղաքացիներ, որոնց մեծ մասը «Ժառանգություն» կուսակցության անդամներ են եղել: Արդեն Հայքի հրապարակում մասնակիցների թիվը հասել է շուրջ 60-ի, որոնցից միայն շուրջ 10-ը՝ լրագրողներ են եղել: Արցախ պուրակում ակցիային ներկա են եղել նաեւ ոստիկանության Վանաձորի բաժնի իրավապահները: Ակցիայի մասնակիցները կրկին հանդես են եկել տարբեր կոչերով ու պահանջներով, որով մասնավորապես պահանջել են չբարձրացնել գազի սակագինը, հակառակ դեպքում ըստ ցույցի մասնակիցների, իրենք եւս ստիպված կլինեն համալրել արտագաղթողների հսկա բանակը:

Նշենք, որ ակցիան կազմակերպել են «Ժառանգություն» կուսակցության տեղի երիտասարդները, իսկ ակցիայի մասնակիցների քիչ լինելը «Ժառանգության» Վանաձորի տարածքային բաժնի ղեկավար Գառնիկ Սահակյանը կապել է նախ բնակչության տեղեկացվածության պակասի, ապա նաեւ՝ ժողովրդի մեջ իշխանությունների ցինիզմի հանդեպ մեծ հիասթափության հետ:

«Ժառանգության» տարածքային կառույցի պետը հիասթափությամբ նշել է, որ իր նախնական հաշվարկով ակցիային առնվազն գոնե 2000 մարդ պետք է մասնակցեր:

Ակցիայի մասնակից, արցախյան ազատամարտիկ Գեւորգ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում լացակումած հայտնել է, որ Աստված իրենց կյանք է տվել, որ իրենք ապրեն, իսկ այսօրվա իշխանավորները իրենց կողոպտում են, վերացնում են վիրավոր ազատամարտիկների բոլոր արտոնությունները: «Այսօր էլ արդեն գազն են թանկացնում. 2 կոպեկ թոշակ են տալիս, էդ թոշակով էդ թալանչիները  նույնիսկ մի ժամ չեն կարող ապրել, սա միայն թալան է»,-ասել է նա:

Հայքի հրապարակում ժողովրդի խնդրանք-պահանջով ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է նաեւ Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով խոստացել է լոռեցիների պահանջը ներկայացնել կառավարություն:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի