2013 թվականի ապրիլի 15-ից գործում է տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալու համակարգը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ SMS հաղորդագրություն ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել ՀՀ ոստիկանության հետ համագործակցող «Նիկիտա Մոբայլ» ընկերության եւ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից համատեղ մշակված www.4car.am կայքում: Գրանցման համար անհարժեշտ է՝
-հաստատել հեռախոսահամարը
-լրացնել անձնական տվյալները
-լրացնել մեքենայի հաշվառման համարանիշը եւ հաշվառման վկայագրի համարը
Եթե մուտքագրված տվյալները ճիշտ են, ապա հաստատվում է կայքի կողմից եւ 1 ժամվա ընթացքում քաղաքացին ստանում է մինչ այդ պահը կատարված խախտումների պատմությունը, որից հետո յուրաքանչյուր նոր հայտնաբերված խախտման վերաբերյալ քաղաքացին ստանում է SMS հաղորդագրություն, որին մանրամասն կարելի է ծանոթանալ 4car.am կայքում: Կայքում հնարավորություն կա նաեւ տեսնել տեսագրությունը եւ կատարել վճարում: Ներկա պահին կայքում կա 1801 գրանցված բաժանորդ:
Բացի այդ, մինչեւ հուլիսի 1-ը տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտեղադրվի նաեւ ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում, եւ յուրաքանչյուր վարորդ, մինչեւ սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին:




























