Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քննության առնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հաղորդումը, որով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պահանջել էր քրեական գործ հարուցել, պարզել Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը եւ պատասխանատվության ենթարկել նրան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է «Ազատություն» ռադիոկայանից:
Ի պատասխան հանցագործության կատարման մասին Կոնգրեսի հաղորդման` ՀՔԾ-ն ուղարկել է գրություն այն մասին, որ «այս դիմումը ենթակա չէ քննարկման», «բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի», քանի որ դրանում ընդամենը թվարկված է Տարոն Մարգարյանի հայտարարագրած անշարժ ու շարժական գույքը եւ «հիշատակված չի որեւէ տեղեկություն գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու, գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով որեւէ արարք կատարելու մասին»:
Հանցագործության մասին հաղորդման մեջ Կոնգրեսը վկայակոչել էր պաշտոնական փաստաթղթեր` 2005-ին, 2007-ին եւ 2013-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված Տարոն Մարգարյանի գույքի եւ եկամուտներն հայտարարագրերը, ըստ որոնց Մարգարյանի կարողությունները 2005-ից ի վեր աճել են միլիոններով, ընդ որում, ըստ ընդդիմադիրների ուսումնասիրությունների, դա ոչ ժառանգության կարգով ստացած ունեցվածք է, ոչ ձեռնարկատիրական գործունեության, ոչ էլ նվիրատվության: Մասնավորապես, 2005-ին Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանի մեկ տարվա եկամուտը կազմել է մոտ 7 միլիոն դրամ, իսկ 2013-ին արդեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարագրել է մի ունեցվածք, որը ընդդիմությունը գնահատում է 6-10 միլիոն դոլար, մասնավորապես, միանձնյա եւ ընդհանուր սեփականություն հանդիսացող 7 շենք ու շինություն, հողին ամրակցված 3 անշարժ գույք, հողամաս, 115 միլիոն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո: Գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդման մեջ Կոնգրեսը հիշատակել էր այն փաստը, որ Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանի աշխատավարձը եղել է 130 հազար դրամ, իսկ որպես քաղաքապետ նա ստանում է ամսական 394 հազար դրամ աշխատավարձ:
Ունեցվածքի առաջացման աղբյուրների բացակայությունը հայտարարագրերում Կոնգրեսին հիմք էին տվել ենթադրել, որ գործող քաղաքապետը իր ունեցվածքը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով` թաքցնելով գույքի ստացման աղբյուրը, ինչը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածին, այն է` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»:
Սակայն ՀՔԾ-ն պատասխանել է, որ Կոնգրեսի գրությունը «կատարված հանցագործության մասին որեւէ տեղեկատվություն չի պարունակում», իսկ Քրեադատավարական օրենսգրքով ու Վճռաբեկ դատարանի 2007-ի նախադեպային որոշմամբ քրեական գործ կարող է հարուցվել (կամ գործի հարուցումը մերժել) «հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների» առկայության դեպքում:




























