Ամբոխն այրեց նրա գրքերը, նրա կինն ու որդին զրկվեցին աշխատանքից: Երկրի նախագահը նրան զրկեց «Ժողովրդական գրող» կոչումից, իսկ զայրացած ամբոխը նրա տան առջեւ սպառնում էր սպանել նրան եւ պահանջում, որ նա լքի երկիրը: Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի մասին այսպես է գրում Սերգեյ Լոյկոն «Los Angeles Times»-ում:
75-ամյա Աքրամ Այլիսլիի խոսքով` իր «Քարե երազներ» գրքի ռուսերեն հրատարակությունից հետո իր նկատմամբ վերաբերմունքի մասին չէր կարող պատկերացում ունենալ անգամ սեփական գեղարվեստական երեւակայության դեպքում:
«Այլիսլիի հետ կապված այս ողջ պատմությունն ինձ հիշեցնում է 1950-ականների վերջին Պաստեռնակի պատմությունը, երբ հազարավոր մարդիկ երբեւէ ոչ մի տող կադացած չլինելով արտերկրում հրատարակված նրա «Դոկտոր Ժիվագոյից», հրապարակավ քննադատեցին նրան»,-ասել է «Դրուժբա Նարոդով» ամսագրի, որտեղ հրապարակվել Այլիսլիի գործը, արձակի բաժնի ղեկավար Լեոնիդ Բախնովը:
Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի Բաքվի վերլուծական կենտրոնի տնօրեն Լեյլա Յունուսը հայտարարել է, որ իշխանությունները ատելություն սերմանելով` փորձում են նման կերպով շեղել ժողովրդի ուշադրությունն առկա խնդիրներից: «Վերջին ամիսներին մենք զանգվածային հանրահավաքների ականատես ենք լինում ողջ երկրում, որոնց մասնակիցները բողոքում են երկրում կուռուպցիայից եւ ժողովրդավարության բացակայությունից»,-նշել էր նա:
«Քարե երազներում» Այլիսլին իր հայրենակիցներին կոչ է անում կարեկցել հայերին` հաշվի առնելով այն տառապանքները, որոնք նրանց բաժին են հասել հարյուրամյակների ընթացքում:
«Եթե բռնի սպանված ամեն մի հայի համար ընդամենը մեկ մոմ վառվի, դրանց լույսն ավելի պայծառ կլինի, քան Լուսնի փայլը»,-ասում է Այլիսլիի հերոսներից մեկը:
«Ակնհայտ է, որ այդ կոչը լսվել է, սակայն ոչ ճիշտ է մեկնաբանվել: Այդուհանդերձ, նրանք պարտավոր են երբեւէ, ապագայում նրա համար հուշարձան կանգնեցնել»,-ասում է Բախնովը:




























