Այսօր դատում են Վրաստանի նորագույն պատմությանը: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, նկատի ունենալով երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի եւ Կախեթիի նահանգապետ Զուրաբ Ճիաբերաշվիլիի դեմ ընթացող դատաքննությունները:

Սահակաշվիլիի խոսքով՝ ինքը չի կարող խառնվել դատարանի գործերին, քանի որ օրենքի գերիշխանությունը ամենագլխավոր սկզբունքներից մեկն է, որն ընկած է ժամանակակից պետության հիմքում:

«Սակայն այս րոպեներին դատարանի վրա ճնշում է գործադրվում բռնի, քաղաքական առումով շահագրգիռ տարրերի կողմից, որպեսզի հասնեն իրենց համար ցանկալի արդյունքի… Ես կարծում եմ, որ դատապարտվում են ոչ թե կոնկրետ գործողություններ, այլ Վրաստանի նորագույն պատմությունը, յուրաքնաչյուր հաջողված փորձը, որն ուղղված է եղել ժամանակակից պետության ստեղծմանը»,-հայտարարել է Սահակաշվիլին:

Նա պատմական հեգնանք է համարել այն փաստը, որ «Մերաբիշվիլիին տանում են իր իսկ կողմից ստեղծված ոստիկանության ձեռնաշղթաներով», հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի ՆԳ նախկին նախարար, նախկին վարչապետ ու «Միացյալ ազգային շարժման» ներկայիս գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է մայիսի 21-ին Արեւմտյան Վրաստանի մարզային դատախազությունում հարցաքննությունից հետո: Նրա հետ միասին ձերբակալվել է նաեւ Կախեթի շրջանի նահանգապետ Զուրաբ Ճիաբերիշվիլին:

Ինչպես հարցաքննությունից հետո հայտնել է դատախազության ներկայացուցիչը, խոսքը Մերաբիշվիլիի կոռուպցիոն գործունեության երկու դրվագների մասին է: Առաջինը վերաբերում է 2012թ., երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մերաբիշվիլին աշխատանքի նախարար Զուրաբ Չիաբերիշվիլին ֆիկտիվ կերպով աշխատանքի է ընդունել ՄԱՇ ավելի քան հազար ակտիվիստների, որոնք զբաղվել էին կուսակցության քարոզչությամբ եւ բյուջեից 5,2 մլն լարի է ստացել:

Մյուս դեպքում Մերաբիշվիլին յուրացրել է Կվարիաթի գյուղում գտնվող շքեղ առանձնատունը: Ըստ քննության, նա 2009թ. ուժով խլելէ  առանձնատունը եւ այն օգտագործել է 2013թ.:

Դատախազությունը դատարանից խնդրել է կալանավորել նախկին վարչապետին: