Չեմ զարմանում, որ ակնհայտ հանցագործության տարրեր պարունակող գործն անտեսվում է ՀՔԾ-ի կողմից, երեւի այնտեղ չունեն համապատասխան մասնագետներ, որ կարողանան դա ուսումնասիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանն` անդրադառնալով ՀԱԿ-ի Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ դիմումը մերժելու որոշման մասին:
«Հատուկ քննչական ծառայությունը ցույց է տվել, որ ինքը կարող կառույց չէ, եւ այն, որ մարտի 1-ի սպանդը հինգ տարի քննում են եւ չեն կարող բացահայտել, դա ցույց է տալիս, որ ոչ թե պրոֆեսիոնալներ են, այլ քաղաքական գործիչների կցորդների խումբ է նստած: Հիմնավորելու համար իմ ասածը կարող եմ հիշատակել այն մի քանի տասնյակ քաղաքական գործիչներին, որոնց ձերբակալել էին մարտի 1-ին, եւ այդ գործերը վարում էր նույն ՀՔԾ-ն: Շուտով Եվրոպական դատարանը անդրադառնալու է այդ գործերին եւ կրկին պարզ կդառնա, թե որքան ցածր պրոֆեսիոնալիզմ ունեն այդ գերատեսչության աշխատակիցները: Չեմ զարմանում, որ ակնհայտ հանցագործության տարրեր պարունակող գործն էլ, երբ մարդը չի բացատրում, թե լինելով պաշտոնյա եւ ունենալով համապատասխան աշխատավարձ, նա որտեղից է ձեռք բերել նման կարողություններ, անտեսվում է ՀՔԾ-ի կողմից, երեւի այնտեղ չունեն համապատասխան մասնագետներ, որ կարողանան դա ուսումնասիրել»,- նշեց նա:
ՀԱԿ ներկայացուցիչը ուշադրություն դարձրեց «մի հետաքրքիր հանգամանքի», դա նշանակալի տարբերությունն է Տարոն Մարգարյանի ներկայացրած առաջին եւ վերջին հայտարարագրի, եւ այդ ընթացքում նա շարունակել էր զբաղեցնել պաշտոններ: «Եթե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը արվում էր այնպես, ինչպես դա արվում է Տարոն Մարգարյանի պարագայում, ապա կարելի է միայն շնորհավորել առաջատամարտիկներին այդ պայքարում»,- նշեց նա:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քննության առնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հաղորդումը, որով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պահանջել էր քրեական գործ հարուցել, պարզել Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը եւ պատասխանատվության ենթարկել նրան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է «Ազատություն» ռադիոկայանից: Ի պատասխան հանցագործության կատարման մասին Կոնգրեսի հաղորդման` ՀՔԾ-ն ուղարկել է գրություն այն մասին, որ «այս դիմումը ենթակա չէ քննարկման», «բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի», քանի որ դրանում ընդամենը թվարկված է Տարոն Մարգարյանի հայտարարագրած անշարժ ու շարժական գույքը եւ «հիշատակված չի որեւէ տեղեկություն գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու, գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով որեւէ արարք կատարելու մասին»:




























