Արմավիրի մարզպետարանում այս պահին շարունակվում է մարզի մի շարք գյուղացիների` կարկուտի հետեւանքով առաջացած խնդիրների մասին քննարկումը: Մեր տեղեկություններով` դրան մասնակցում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամյանը եւ գյուղապետներ:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ արդեն մի շարք որոշումներ են ընդունվել գյուղացիների խնդիրներին լուծում տալու համար: Որոշվել է, որ տուժած գյուղացիները կազատվեն հողի գույքահարկից, ջրի վճարից, տոկոսադրույքներն եւ դոլարային վարկերը դառնալու են դրամային վարկեր, տոկոսադրույքների հետ կապված ամեն մեկի հետ առանձին աշխատանք է տարվելու, որպեսզի մեխանիզմներ մշակվեն դրանց նվազեցման եւ մարման հետաձգման կարգի վերաբերյալ: Այն գյուղացիները, որոնք կարող են վերականգնել իրենց տնտեսությանը, տրամադրելու են  սերմնացու եւ սածիլներ: Նախատեսվում է կազմել սոցիալապես անապահով գյուղացիների ցուցակը եւ նրանց տրամադրել հասցեական օգնություն:

Ինչ վերաբերում է հակակարկտային կայանների խնդրին, ապա որոշվել է, որ այն անհատների հակակարկտային կայանները, որոնք չեն մտնում ԱԻՆ-ի ռադիոլոկացիոն համակարգի մեջ, միացվեն ԱԻՆ-ի համակարգին, որպեսզի կառավարվեն մի կենտրոնից եւ արդյունավետ գործեն: Մեր տեղեկությունները հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:

Նշենք, որ Հայաստանի մի շարք համայնքներում կարկուտի հետեւանքով վնասվել էր գյուղացիների բերքը, նրանք բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպել, ընդհուպ փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը, որպեսզ պատկան մարմինները լուծում տան իրենց խնդիրներին: