Մայիսի 22-ին, Ազգային ժողովի հարցուպատասխանից անմիջապես հետո, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը այցելել է «Ծածկած շուկայի» շինհրապարակ` տեղում շինմոնտաժային աշխատանքների ներկա իրավիճակին ծանոթանալու համար:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ս. Թադեւոսյանը եւս մեկ անգամ շինհրապարակում համոզվել է, որ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում:

Քաղաքաշինական պետական տեսչության պետ Ս. Հայրապետյանի հավաստմամբ՝ «Ծածկած շուկայի» շինաշխատանքները մշտապես տեսչության ուշադրության կենտրոնում են:

Հիշեցնենք, որ երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի պնդման, թե այս պահին դադարեցված են «Ծածկած շուկայի» վերգետնյա հատվածի շինմոնտաժային աշխատանքները` ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանը ցանկություն էր հայտնել նիստից հետո նախարարի հետ այցելել շինհրապարակ: Փոստանջյանը հարցրել էր, թե ինչու չեն պահանջում, որ քրգործ հարուցվի ապօրինի կառուցապատողի նկատմամբ:

Նշենք, որ Փակ շուկան պատկանում է ԱԺ հանրապետական պատգամավոր, հայտնի օլիգարծ Սամվել Ալեքսանյանին: