Վաղը` մայիսի 25-ին` վերջին զանգի օրը, մեքենա վարող բոլոր 16 տարեկան անձինք կենթարկվեն 20 հազար դրամ վարչական պատասխանատվության, իսկ նրանց ծնողները` 10 հազար դրամի: Այս մասին այսօր` մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ մայիսի 23-ից մինչեւ հունիսի 23-ը հայտարարել են անվտանգ երթեւեկության միամսյակ, որի նպատակն է կանխել երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները: Վերջին զանգի օրը շուրջ 30 ավարտական դպրոցների մոտակայքում եւ հարակից փողոցներում կլինեն ոստիկաններ եւ կիրականացնեն ծառայություն:
Նորիկ Սարգսյանն շեշտեց, որ ամեն տարի ինչքան էլ հետեւողական են լինում, «Վերջին զանգ»-ի օրը վաղ առավոտից ծնողները ղեկը հանձնում են դպրոցահասակ երեխաներին: Նա հիշեցրեց, որ անցյալ տարվա վերջին զանգի տոնակատարության օրն առավոտյան տուգանային հրապարակում արդեն կար 25 մեքենա, որոնք վարել էին անչափահասները։
Նա կոչ արեց ազգաբնակչությանը գիտակցաբար մոտենալ հարցին, որպեսզի համատեղ ջանքերով հնարավոր լինի միամսյակն ամփոփել առանց երեխաների մասնակցությամբ դժբախտ պատահարների:



























