Այսօր՝ մայիսի 23-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոստանտին Օբոլենսկիի հետ:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպանին` անցնող տարիների ծառայության ու հայ-շվեյցարական կապերի ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:
Նա իր խոսքում կարեւորել է երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումն ու զարգացումը, ապա անդրադարձել Շվեյցարիայի հայկական համայնքի ազգային-հոգեւոր կյանքին` ի դեմս դեսպանի իր գնահատանքը հայտնելով երկրի իշխանություններին` համայնքի հանդեպ դրսեւորվող հոգատար վերաբերմունքի համար:
Գարեգին Բ-ն նաեւ գոհունակություն է հայտնել Շվեյցարիայի իշխանությունների կողմից տարածաշրջանում առկա խնդիրների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության եւ դրանց հաղթահարման ուղղությամբ ներդրված քայլերի առիթով:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված տարածաշրջանի երկրների հոգեւոր առաջնորդների ջանքերին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումներին:



























