Երեւանում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները։ Օլիմպիադային մասնակցել է 8–12–րդ դասարանների 8500 աշակերտ, որոնցից 381–ը արժանացել են առաջինից երրորդ կարգի դիպլոմների։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջին կարգի դիպլոմի արժանացած 67 մասնակիցներին պարգեւներն ու դիպլոմները հանձնել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը։
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը առարկայական օլիմպիադայի անցկացման կազմակերպչական հարցերում տարեցտարի առաջընթաց է նկատում։ «Հանձնաժողովի կազմն ամեն տարի փոփոխվում է։ Այս տարի հանձնաժողովում ընդգրկված են եղել ուսուցիչներ ու բուհերի դասախոսներ։ Մասնակիցներին հնարավորություն էր տրված բողոքարկելու արդյունքները, սակայն փաստը, որ թե՛ օլիմպիադայի ընթացքում, թե՛ ավարտից հետո որեւէ բողոք չի արձանագրվել, նշանակում է, որ դպրոցականների օլիմպիադան տարեցտարի ավելի լավ է կազմակերպվում։ Ի դեպ, այս տարի այն անցկացվել է դեռեւս 2011 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի հաստատված կարգով»։
Կազմակերպիչները նկատել են նաեւ, որ այս տարի բարձր է աշակերտների առաջադիմությունը հատկապես բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող առարկաներից։



























