Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 23-ին, տեղի է ունեցել սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2013 թվականի ծրագրի իրականացման համակարգող հանձնաժողովի եւ միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը:
Ողջունելով ներկաներին՝ Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշել է. «Տարին հոբելյանական է, 5-րդ անգամ ենք ընդունում «Արի տուն» ծրագրով Հայաստան եկող երեխաներին: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել գերատեսչություններին, վարչական շրջաններին, նրանց ղեկավարներին եւ հյուրընկալող համայնքներին ու ընտանիքներին: Այս ծրագիրը մեր բոլորի ծրագիրն է, ամբողջ հայ ժողովրդի ծրագիրը: «Արի տուն» ծրագիրը կենդանի կամուրջ է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ»:
Ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին զեկուցումով հանդես է եկել «Արի տուն» ծրագրի ղեկավար, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը:
Նիստի մասնակիցներին ներկայացվել է «Արի տուն» ծրագրի 2009-2012թթ. ամփոփիչ հաշվետվությունը, 2013թ. ծրագրում տեղ գտած փոփոխությունները, նախապատրաստական աշխատանքները եւ ծրագրային փաթեթը:
Ներկաները դիտել են «Արի տուն» 2012թ տեսաֆիլմը, որից հետո ծավալվել է ծրագրի խնդիրներին առնչվող քննարկում ծրագրի պատասխանատուների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ:
«Արի տուն» 2013թ. ծրագրով նախատեսված են ճանաչողական, շրջայցային, մշակութային միջոցառումներ: Ծրագրի մասնակիցները 9 օր կանցկացնեն հյուրընկալող ընտանիքներում եւ 5 օր Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում: Ակնկալվում է շուրջ 1000 երիտասարդի մասնակցություն:
Ծրագիրն այս տարի մեկնարկելու է հունիսի 16-ին եւ 8 փուլով շարունակվելու է մինչեւ օգոստոսի 31-ը: Նախորդ 4 տարիների ընթացքում «Արի տուն» ծրագրով Հայրենիք է այցելել շուրջ 3000 սփյուռքահայ պատանի եւ երիտասարդ:
Այս տարի ծրագիրը համալրվել է բովանդակային նոր բաղադրիչներով՝ հայոց լեզվի ամենօրյա դասընթացներով, որոնք կանցկացվեն Երեւանի Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում: Ընդլայնվել է շրջագայությունների աշխարհագրությունը:
2013թ ծրագրում կա եւս մեկ փոփոխություն՝ բոլոր փուլերի ընթացքում մասնակիցներին կուղեկցեն մասնագետ զբոսավարները:



























