Հայաստանի ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ մայիսի 18-ին Երեւան-Սեւան մայրուղում զինվորականների կողմից բռնություններ գործադրվելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից:

«2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երեւան-Սեւան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ հրապարակումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- հայտնել են դատախազությունից:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Դ.Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 18-ին պետք է կայանար Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը, սակայն ծնողները որոշել էին Երեւան բերել իրենց որդու դին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու, նաեւ մտադիր էին կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել: Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, քանի որ իրավապահները փակել են նրանց ճանապարհը: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները:

Հարազատների հետ հանդիպման են գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ավելի ուշ դեպքի վայր են ուղեւորվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն ու զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ովքեր զրուցել են զինվորի հարազատների հետ:

Դրանից հետո բարձրաստիճան պաշտոնյաները զինվորի հարազատների հետ միասին վերադարձել են նրա հայրենի գյուղ` Վերին Գետաշեն, որպեսզի մասնակցեն Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը: