Երկու օր առաջ Վանաձորում ինքնասպանության փորձ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակչուհի Հասմիկ Սուքիասյանը իր բնակարանում բենզին է լցրել իր վրա ու փորձել է ինքահրկիզվել, որը սակայն կանխվել է էլեկտրոցանցի աշխատակցի եւ հարեւանների կողմից: Կնոջը տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ Հասմիկ Սուքիասյանը 4 երեխաների մայր է, ապրում է հիշյալ հասցեում դեռեւս 1989թ-ից, իսկ նման քայլի դիմելը ըստ նրա պատմածի՝ իրենց բնակարանի ապօրինի առք ու վաճառքն է, որը իրագործել է ամուսնու մայրը եւ այժմ իրենց դուրս են հանում նշված բնակարանից:

Լոռիի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ փաստի առթիվ ոստիկանության Լոռիի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ստուգվում են առք ու վաճառքի պայմանագրերը, նյութեր են նախապատրաստվում նաեւ ինքնահրկիզման փորձի հետ կապված. «Այս ընթացքում բնակարանի գնորդը դիմել է Վանաձորի էլեկտրոցանց, իր կողմից գնած բնակարանի հոսանքը կասեցնելու համար: Երբ տեսուչը մեկնում է դիմումի համաձայն հոսանքը կասեցնելու, Հասմիկ Սուքիասյանը դրանից վրդովված, ըստ արդեն իսկ իր տված բացատրության, իր բնակարանում եղած բենզինը վերցնում է ու լցնում իր մարմնի վրա՝ փորձելով ինքնահրկիզվել, սակայն տեսուչի եւ հարեւանների միջամտությամբ ինքնահրկիզման փորձը կանխվում է: Այնուհետ տեղափոխվում է Վանաձորի բժշկական կենտրոն»,-լրագրողների հետ զրույցում նշել է քննիչը:

Հասմիկ Սուքիասյանն էլ իր հերթին հայտնել է, որ նման քայլի է դիմել, քանի որ այս երկրում արդարություն չկա: «Ես արդարություն եմ մենակ պահանջում, իմ տունը երկրորդ անգամ արդեն վաճառել են նույն մարդկանց շրջանակում, ես լինելով 4 երեխաների մայր, չեմ կարողանում իմ արդարությունը վերականգնել, դրա համար էլ նման քայլի գնացի»,-ասել է նա:

Հասմիկ Սուքիասյանը նշված բնակարան հարս է գնացել 1989թ-ից եւ մինչ օրս բնակվում է այդտեղ: Տիկին Հասմիկի պատմելով ինքը խնդրի մասին դիմել է նաեւ երկրի նախագահին ու գլխավոր դատախազին: Ըստ Հասմիկ Սուքիասյանի պատմածի, ինքնավնասում է գործել նաեւ նրա տղան:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am