Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մայիսի 23-ին, ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ եւ հաջողություն մաղթելով նրան իր առաքելության մեջ՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Մեր ժողովուրդներին կապում են բազմադարյա բարեկամությունն ու փոխվստահությունը, եւ հենց այդ հենքի վրա ենք մենք այսօր կառուցում ապագան՝ հետեւողականորեն ամրապնդելով դաշնակցային հարաբերությունները, որոնք տարեց տարի դառնում են առավել հագեցած՝ ընդգրկելով համագործակցության նոր հեռանկարային ուղղություններ։ Հարաբերությունների զարգացումն ապահովվում է շարունակական եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ, որն իրականացվում է թե Հայաստանում, թե Ռուսաստանում` բոլոր մակարդակներով՝ համաձայն երկու երկրների Նախագահների պայմանավորվածությունների եւ տրված հանձնարարականների»։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Վոլինկինը վստահեցրել է, որ կանի առավելագույնը` բոլոր բնագավառներում ներկայիս բարձր մակարդակի հայ-ռուսական փոխգործակցության առավել ամրապնդման եւ խորացման համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի դեսպանների դերակատարությունը` համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների միջեւ պայմանավորվածությունների իրականացման գործում։



























