Մայիսի 24-ի գիշերը ձերբակալվել են Ռուսաստանի Խաբարովի երկրամասի Վանինի շրջանի դատախազ Սերգեյ Նաումովի սպանության եւս երկու կասկածյալներ։ Մյուս երկուսը ձերբակալվել էին մայիսի 21-ին։ Այդպիսով, այդ գազանաբարո հանցագործության իրագործման բոլոր կասկածյալները ձերբակալվել եւ կալանավորվել են, հայտնել են Խաբարովի երկրամասի Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ 35-ամյա Նաումովը մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը չէր կարողացել կառավարել իր Toyota Camry մեքենան եւ այն հայտնվել էր առվի մեջ: Այդ ժամանակ նրան մոտեցել էր մի տաքսի, որում եղել էին 4 երիտասարդներ, նրանք միասին փորձել էին «Տոյոտա»-ն դուրս բերել առվից, որից հետո դատախազության աշխատակցին խնդրել էին իրենց տեղ հասցնել: Ճանապարհին երիտասարդները խնդրել էին կանգնեցնել մեքենան, հարձակվել վարորդի վրա եւ մահացու ծեծի ենթարկել։ Ընդ որում, հաղորդվել էր, որ դատախազին ոչ մի պահանջ չի ներկայացվել։