Մայիսի 24-ի առավոտյան ռուսական Հեռավոր Արեւելքում տեղի ունեցած երկրաշարժն այնքան ուժգին է եղել, որ ցնցումները զգացվել են Ռուսաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ Մոսկվայում:

8,2 մագնիտուդով ցնցում է գրանցվել ժ. 09:44-ին, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:  ՌԳԱ Սիբիրի բաժանմունքի տվյալով՝ երկրաշարժը  8 մագնիտուդով է եղել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Երկրաշարժն այնքան ուժգին է եղել, որ զգացվել է գրեթե ամբողջ Ռուսաստանում: Սկզբում Հեռավոր Արեւելքում: Շենքերի 455-րդ հարկերում ցնցվել են ջահերը, ընկել են ծաղկամանով ծաղիկները: Մագադանում մագնիտուդը 3-4 է եղել: Հետո ալիքը հասել է Սիբիր, գետինը ցնցվելու մասին հայտնել են Բառնաուլից, Տոմսկից, Կրասնոյարսկից, Կեմերովոյից: Նովոսիբիրսկի բնակելի շենքերի բարձր հարկերում կահույքը դղրդացել է, ջահերը ճոճվել են: Ըստ մասնագետների՝ դրանք վկայում են Ռիխտերի սանդղակով մոտ հինգ բալանոց ցնցումների մասին: Հետո ցնցումները երկրի եվրոպական մաս են տեղափոխվել: Թաթարստանի բնակիչներն առավոտվանից սկսել են զանգահարել ԱԻՆ:

Անգամ մոսկվացիներն են թույլ ցնցումներ զգացել, դուրս են եկել փողոց: Տագանկայում տարհանվել է գրասենյակային շենքերից մեկը: «Մոսկվա 24»-ն իր միկրոբլոգում հայտնում է, որ տարհանվել են նաեւ մետրոյի «Բելոռուսսկայա» կայարանի շրջակա հաստատությունների աշխատակիցները:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել՝ ոչ Մոսկվայից, ոչ էլ հեռավորարեւելյան տարածքներից: