Նյու Յորքի Չելսի թաղամասի «Ագորա» հեղինակավոր պատկերասրահում մայիսի 16-ին բացվել է ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որին առաջին անգամ ներկայացվել են հայաստանցի նկարիչ Գարեգին Սնգրյանի աշխատանքները (GaroS): Նրա հյութեղ եւ վառ գույներով, անսովոր պատկերներով լի կտավներն առանձնանում էին մնացածներից:

Այցելուներից շատերը նշել են, որ  GaroS-ի աշխատանքները աչքի են զարնում հենց իրենց  ինքնատիպությամբ:  Հայաստանցի նկարչին սատարելու էին եկել Նյու Յորքի հայերը՝ Facebook-ից տեղեկանալով ցուցահանդեսի մասին:

Ահա թե տաղանդավոր հայ նկարչի մասին ինչ է գրում նյույորքյան «ARTisSpectrum» ամսագիրը. «Ամեն մի կտավ քնարականության, ցավի եւ հոգեպարար գեղեցկության արբեցնող համադրություն է: GaroS-ի վառ աշխատանքները կառուցված են հոծ եւ գալարուն գծերով արված մեկ պատկերի շուրջ:  Պատկերը կարող է ավանդական դիմանկարում ներկայացվել, կամ խիստ խոշոր պլանով, կամ լողալ տարօրինակ եւ անհանգիստ միջավայրում: Այն հրեշտակային եւ սատանայական կերպարների միաձուլում է, միաժամանակ՝ միշտ մնում է պարզ եւ հուզելու աստիճան մարդկային: Չնայած իր դրամատիկ առանձնահատկություններին եւ միստիկ շրջապատին, նրա կերպարները հուզիչ եւ բանաստեղծական մարդկայնությամբ են հագեցած. Հենց սա է  GaroS-ի աշխատանքների հմայքը»:

Գարեգին Սնգրյանն ապրում եւ ստեղծագործում է իր հայրենիքում՝ Հայաստանում:

Նկարել սկսել է մանուկ հասակից: Տարիների ընթացքում կտավն ու ներկերը դարձել են նրա կյանքի, էության անքակտելի մասը: «Սա կիրք է, կտավն ու ներկերը մետաֆիզիկա են: Երբ նկարում եմ, ամբողջ էությամբ ընկղմվում եմ պատկերների աշխարհում, որոնք ինձ համար հաճախ ավելի իրական են, քան այն, ինչն իրականում շրջապատում է ինձ», - ասում է նկարիչը: Նրա կերպարները հակասական զգացմունքներ են արթնացնում, բայց անտարբեր թողնել չեն կարող: «Ոմանց իմ նկարները վախ են պատճառում, երբեմն՝ նողկանք: Սակայն ես լայն զանգվածներին, ընդհանրապես՝ ցանկացած զանգվածի դուր գալու համար չեմ նկարում», - ոչ առանց հեգնանքի ասում է նկարիչը:

Նրա աշխատանքներում սեւ հումոր կա եւ նուրբ հեգնանք, զգայականություն եւ էրոտիզմ: Դրանք հավասարակշիռ են՝ թույլատրելիի սահմաններում: Ապշեցնող է թվացյալ անհամատեղելի գույների ըմբոստությունը, որոնք GaroS-ի ստեղծագործություններում գունային միասնական սիմֆոնիա են կազմում: Միաժամանակ նրան հաջողվում է բացահայտել կերպարի էությունը, կենսականություն հաղորդել եւ շոշափելի դարձնել.  «Իմ կտավներում փորձում եմ ներկայացնել այն, ինչը շատերը նախընտրում են թաքցնել: Հենց դրա շնորhիվ են նրանք այդքան իրական», - նշում է GaroS-ը: