Վերահսկիչ պալատի կողմից ամենաուսումնասիրվածն անցյալ տարի եղել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա տեղեկացմամբ՝ ՎՊ-ն 4 խոշոր ծրագրերով ուսումնասիրություններ է կատարել՝ Համաշխարհային բանկի վարկային ծրագիր, Եվրամիության աջակցության ծրագիր, դպրոցներում ինտերնետի ապահովման եւ ավագ դպրոցների գործունեության ծրագրեր:
Ա. Աշոտյանը դրական գնահատեց ՎՊ գործունեությունը, սակայն ասաց, որ մի շարք խնդիրների շուրջ առարկություններ են ներկայացրել: Օրինակ՝ ուսուցիչների կամ տնօրենների վերապատրաստման հետ կապված: «Պետական բյուջեով ֆինանսավորվող վերապատրաստման նորմատիվները մեկ շնչի հաշվով մի քանի անգամ փոքր են, քան վարկային ծրագրերով իրականացվողները: Այստեղ միասնական քաղաքականության խնդիր կա, միջազգային կազմակերպությունները պահանջում են ավելի համապարփակ, ավելի որակյալ դասընթացներ, ուշադրություն դարձնելով ոչ միայն ուսուցմանը: Օրինակ, եթե ուսուցչին 9 ժամ պահում ես լսարանում, ապա պետք է նաեւ կերակրես, իսկ պետական ծրագրերով առհասարակ սնունդ վերապատրաստման ժամանակ չի մատակարարվում; ՎՊ-ն առաջարկում է սահմանել միասնական մոտեցումներ՝ եւ բյուջեից ֆինանսավորվող, եւ վարկային ծրագրերից ֆինանսաավորվող վերապատրաստման ծրագրերի համար, ինչը քննարկելի հարց է: Բայց այստեղ մեղադրել մեզ, որ դա չարաշահում է, կարծում եմ ծիծաղելի է»,- ասաց Ա. Աշոտյանը:
Մյուս առարկությունը կապված է համաշխարհային բանկի այն վարկի հետ, որի բաղադրիչներից մեկը եղել է ուսանողական վարկերի ներդրումը: Գումար է ծախսվել տեղական եւ միջազգային փորձագետներին վարձատրելու համար, որպեսզի ուսումնասիրություն կատարեն: Ուսումնասիրության արդյունքը ցույց է տվել, որ ուսանողական վարկերի առաջարկվող սխեման Հայաստանում կիրառելի չէ:
«Եթե մենք, ժողովրդական լեզվով ասած, ջուր լցնողներ լինեինք, ապա եզրակացության վրա կփորձեինք ազդել, որպեսզի լինի դրական, եւ բացվեին մի քանի միլիոն դոլար օգտագործելու հնարավորություններ: Ակնհայտ է, որ բացասական պատասխանը տվյալ դեպքում ավելի օբյեկտիվ է եղել, ու մենք հրաժարվել ենք ուսանողական վարկերի տվյալ սխեմայից; Հիմա՝ այդ ծախսը նպատակային է՞, թե՞ ոչ նպատակային: Ակնհայտ է, որ դա յուրացում չէ, չարաշահում չէ: Կարելի է քննարկել, թե դա արդյունավետ ծախս է, թե՞ ոչ, սակայն գործը եղել է արդյունավետ»,- ասաց Ա. Աշոտյանը:



























