Երեւանում, մայիսի 26-ին՝ ժամը 14.30-ին, Շահումյանի հրապարակից կմեկնարկի «Ճանաչիր Երեւանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը։ 46 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ, կանցնի Երեւանի հինգ վայրերով (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով: Հաղթող կճանաչվեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոն հասած առաջին երեք թիմերը։ Այստեղ կանցկացվի նաեւ թիմերի ղեկավարների մրցույթ, մրցանակաբաշխություն։
Մրցող թիմերը ներկայացնում են երիտասարդական, հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ, այլ կազմակերպություններ, ինչպես նաեւ ակտիվ երիտասարդների խմբեր։
«Ճանաչիր Երեւանը» երիտասարդական, սպորտային ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ն՝ «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Ծրագիրը նպատակ ունի համախմբել հասարակական ոլորտի ակտիվ երիտասարդներին, խթանել առողջ ապրելակերպն ու ակտիվ հանգիստը, ընդգծել հեծանվի՝ որպես տրանսպորտային միջոցի այլընտրանքի կարեւորությունը։



























