Հայաստանում օր չի անցնում, որ նոր սոցիալական ընդվզմամբ չանցնի: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուքասզյանը:
Նրա խոսքով՝ որպես ախտորոշում, այսօր գործ ունենք խցանման հետ: «Հասարակական մարմինը խցանվել է: Տեսեք կառավարության նոր կազմը: Հանձինս էկոնոմիկայի նոր նախարարի գործ ունենք նեոլիբերալ մարմնի վերադարձի հետ, ինչի արդյունքում կառավարման մարմինը խցանվում է»,- ասաց բանախոսը: Անդրադառնալով «Հարսանաքար» ռեստորանում Վահե Ավետյանի սպանության գործով դատավարությանը եւ Ռուբեն Հայրապետյանի դատարան ներկայանալու հանգամանքին, Չուքասզյանն ասաց, որ Հայրապետյանը դատարան ներկայացավ հոխորտալով, ինչը նոր թատերական ներկայացում էր:
Գազի գնի բարձրացման մասով էլ ասաց, որ մեր պաշտոնյաները դարձել են օտարերկրյա պաշտոնյաների շահերի պաշտպանները եւ այդ ամենը մեր տան մեջ: «Նախախորհրդարանի» անդամը նման քաղաքական փակուղային իրավիճակում առաջարկեց նոր քաղաքական գործընթաց սկսել նոր որակի պետություն եւ կառավարման համակարգ ստեղծելու համար: Նա նշեց, որ «Նախախորհրդարանն» այդ նպատակին հասնելու համար ճանապարհային քարտեզ է մշակել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























