Ռուսաստանում հայտնի «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցն ընդգրկվել է կայքերի սեւ ցուցակում: Այդ տեղեկությունը մայիսի 24-ի առավոտյան տեղադրված է եղել ինտերնետային էջերի միասնական ռեեստրում, գրում է Mignews-ը:
Ավելի ուշ Ռոսկոմնադզորը սոցիալական ցանցը հանել էր արգելված տեղեկատվություն տարածող ինտերնետային էջերի միասնական ռեեստրից, ընդունելով, որ վերջինիս այնտեղ հայտնվելը աշխատակիցներից մեկի սխալի պատճառով է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պատահածից հետո Դաշնության խորհրդի Տեղեկատվական հասարակության զարգացման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ռուսլան Գատարովը հայտնել է, որ Ռոսկոմնադզորը ներքին հետաքննություն է անցկացնելու՝ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի արգելափակման պատճառները պարզելու համար: Ըստ Գատարովի՝ դա կօգնի կանխել հետագայում այլ կայքերի արգեկափակումը:
«ՎԿոնտակտեն» Ռուսաստանում ամենախոշոր եւ հանրահայտ սոցիալական ցանցն է: Կայքից օրական ավելի քան 40 մլն մարդ է օգտվում:



























