Ճշգրտված տվյալներով՝ 2013 թ. մայիսի 12-ի կարկտահարությունից տուժել են Արմավիրի մարզի 46 համայանքներ՝ 16,1 հազ. հա գյուղատնտեսական հողատարածքներ: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մասնավորապես՝ վնասվել են 2900 հա խաղողի, 3100 հա պտղատու այգիներ, եւ 5200 հա՝ բանջարաբոստանային եւ կերային մշակաբույսերի ցանքատարածություններ: Ընդհանուր վնասը գնահատված է 20-25 մլրդ դրամ (մոտ 50 մլն դոլար):

Ըստ Ս. Կարապետյանի՝ 100%-ով վնասված խաղողի այգիները դեռ 2 տարի բերք չեն տա, 1-2 տարի է պետք պտղատու այգիների վերականգնմա համար:

Գյուղացիներին օգնելու համար ՀՀ կառավարությունը կփոխհատուցի 22 համայնքներում հողի հարկը 100%-ով, իսկ 24 համայնքներում՝ մասնակի: Դա կարժենա մոտ 173 մլն դրամ: Ջրի վարձի դեպքում նույն մոտեցումն է լինելու:

Կստեղծվի հակակարկտային երկրորդ պաշտպանիչ շերտ՝ 50 հակակարկտային կայաններով: Դրա համար կծախսվի մոտ 350 մլն դրամ:

Կսառեցվեն գյուղացիներին տրված վարկերը; Խաղողի այգիների դեպքում վարկերը կսառեցվեն 3 տարով, պտղատու այգիների դեպքում՝ մինչեւ 2 տարով, բանջարաբոստանային կուլտուրաները՝ 1 տարով: Բացի այդ՝ գյուղացիական տնտեսութունների արտարժութային վարկերը (դրանք մեծամասնություն են) փոխակերպվելու են դրամայինի:

Գյուղացիներին կօգնեն նաեւ սերմացուներով եւ դիզվառելիքով: