Դուք ասում եք «վիրավորել եմ կնոջը, կարծես ես կրակել եմ նրա վրա, մինչդեռ հենց նա է ճղճղում, լպիրշ պահում իրեն, անընդհատ ՀՀԿ-ին վիրավորում: Այդ մասին խորհրդարանում մայիսի 24-ին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով իր խոսքերը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հասցեին:
«Եթե նա կին է, ուրեմն կնոջ պես պետք է իրեն պահի: Ես կնոջը չեմ վիրավորել։ Ավելին՝ դրական խոսք եմ ասել՝ առաքինի տիկին եմ նրան անվանել»,- ասել է Սահակյանը: Հարցին, թե մտադիր չէ արդյոք ներողություն խնդրել Զարուհի Փոստանջյանից, Սահակյանը պատասխանել է. «Ես երբեք ներողություն չեմ խնդրում, եւ ապրում եմ այնպես, որ դրա համար առիթ չտամ»:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային Ժողովում Գալուստ Սահակյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձել էր Զարուհի Փոստանջյանի հայտարարության եւ ասել. «Այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնեն, իսկ չկանգնելու դեպքում էլ նեղանան»:




























