Իսրայելական «Արկիա» ավիաընկերության Թել-Ավիվ-Երեւան-Թել-Ավիվ առաջին չվերթը տեղի կունենա հունիսի 5-ին: Այս մասին մայիսի 24-ին լրագրողներին հայտնել է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր կառավարիչ Մարչելո Վենդեն:
Վենդեն նշել է, որ չվերթը կարող է նոր խթան հանդիսանալ Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունների համար՝ հավելելով, որ ամեն տարի 6 միլիոն իսրայելցիներ են հանգստի մեկնում, եւ Հայաստանը կարող է լավագույն հանգստի վայր դառնալ նրանց համար:
Վենդեն հայտնել է, որ չվերթի բացման մասին որոշում կայացնելուց առաջ հանգամանորեն ուսումնասիրվել է շուկան, եւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում զբոսաշրջային բարենպաստ պայմաններ կան:
«Արկիայի» հայկական ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Նուրոկը նաեւ վստահություն է հայտնել, որ այս չվերթը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը եւ կամրապնդի հայ-իսրայելական հարաբերությունները: Ըստ նրա՝ ծրագրում են չվերթներն իրականացնելն շաբաթական մեկ անգամ: Երկու ուղղությամբ էլ տոմսի արժեքը կսկսվի 310 եվրոյից: Նա նաեւ հայտնել է, որ Իսրայելը Հայաստանի քաղաքացիների համար հեշտացրել է վիզաներ ստանալու կարգը: Եթե նախկինում վիզա ստանալու համար անհրաժեշտ էր գնալ Վրաստան, որտեղ կա Իսրայելի դեսպանատուն, ապա այժմ վիզա կարելի է ստանալ տեղի զբոսաշրջային գործակալություններում:




























