Մայիսի 24-ին ՌԴ Կուրսկի մարզից ժամանած պատվիրակությունը՝ նահանգապետի տեղակալ, ներքին քաղաքականության կոմիտեի նախագահ Լյուդմիլա Գրեբենկովայի գլխավորությամբ հյուրընկալվել է ՀՀ սփյուռքի նախարարությունում:
Հանդիպան ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են երկու երկրների միջեւ բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Կուրսկի մարզային ղեկավարության ներկայացուցիչները հավաստել են, որ Կուրսկի հայ համայնքը ակտիվորեն մասնակցում է մարզի կրթական, մշակութային, բարեգործական ծրագրերին: Երկուստեք նշեցին Կուրսկի հայ համայնքի ղեկավար Ալեքսան Կոշտոյանի մեծ ներդրումը համայնքային կյանքի կազմակերպման եւ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:
Հյուրերին ներկայացվել են ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, տարբեր ոլորտներում անցկացվող համահայկական մրցանակաբաշխությունները եւ հայկական ներուժի համախմբման նպատակով կազմակերպվող մասնագիտական համաժողովները: Ներկայացվել են նաեւ նախարարության համար առաջնային համարվող հայապահպանության, հայկական ներուժի հայտնաբերման ու ճիշտ օգտագործման եւ հայրենադարձության խնդիրները, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ եւս ակտիվ համագործակցել այդ ծրագրերն իրականացնելու գործում:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության եւ Ռուսաստանի հայերի միության համատեղ իրականացվող ծրագրերը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Կուրսկի հայ համայնքին վերաբերող հարցերում:



























