Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1 մլն լիրայի (550 հազար դոլար) փոխհատուցման հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական»  (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ իրեն Ասադի հետ համեմատության համար։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայցը ներկայացնելուց առաջ նշել է, թե Քմելա Քըլըչդարօղլուի հայտարարության փաստով զբաղվելու են իր փաստաբանները։ Այս հայտարարությունից հետո Էրդողանի փաստաբանները CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ 1 մլն լիրա փոխհատուցման դատական հայց են ներկայացրել։

Նշենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուն, խոսելով Էրդողանի եւ Ասադի տարբերության մասին, հայտարարել է, թե երկուսն էլ ճնշողներ են, իսկ նրանց տարբերությունն ընդամենը տոնայնության մեջ է։