«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Հայաստանի ԱԺ էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով քննության առնել մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրական գործընթացներին միջամտելու վարքագծի թույլատրելիությունը եւ իրավաչափությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ՀԿ-ն իրականացրել է դիտորդական առաքելություն, մասնավորապես, թիվ 8/08 ընտրատեղամասում, որտեղից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ՀԿ դիտորդը շարունակ ահազանգել է քվեարկության կարգի խախտումների, դիտորդի նկատմամբ ճնշումների, ընտրողներին ուղղորդելու եւ ընտրատեղամասում կուտակումների վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահին ուղղված՝ քվեարկության կարգի խախտումները վերացնելու ԹԻ ՀԿ դիտորդի պահանջն առաջացրել է դժգոհության ՀՀԿ վստահված անձանց եւ տեղամասում գտնվելու իրավունք չունեցող, սակայն տեղամասում գտնվող կողմնակի անձանց մոտ, ինչի արդյունքում ստեղծել է լարված իրավիճակ:

Հերթական լարվածությունը հարթելու նպատակով թիվ 8/08 ընտրատեղամաս է այցելել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով փորձել է պարզել ստեղծված լարվածության պատճառը եւ պահանջել է ՀՀԿ վստահված անձանցից կարգուկանոն հաստատել տեղամասում: Իր այցի նպատակի մասին դիտորդի եւ ԶԼՄ ներկայացուցչի հարցին պատգամավորն ավելի քան հստակ պատասխանել է՝ «….եկել եմ, որ ստեղ պրոբլեմ չլնի», ինչը նշանակում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի փոխարեն ՀՀԿ վստահված անձինք են ստանձնել տեղամասում քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու գործառույթը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անմիջական ցուցումով: Տեղամասից հեռանալիս Ս.Ալեքսանյանը եւս մեկ անգամ զգուշացրել է ՀՀԿ վստահված անձանց՝ «…եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ընձնից չնեղանաք, նայեք, ձեզ ասում եմ..»: 

Այս ամենը տեսաձայնագրված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ՀԿ դիտորդի եւ ԶԼՄ-ների կողմից, եւ տեսագրությունն առկա է համացանցում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ՀԿ-ն գտնում է, որ քվեարկության ընթացքին պատգամավորի անմիջական ներգրավվելը, անգամ՝ վստահված անձանց եւ  ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցող (չունեցող) անձանց միջեւ ծագած վեճի պարագայում, անթույլատրելի եւ անհամադրելի է պատգամավորի կարգավիճակին: Աժ կուսակցական պատգամավորի ներկայությունը ընտրատեղամասում ընկալվում է ոչ այլ կերպ, քան հսկողություն ընտրական գործընթացի նկատմամբ, ինչն ըստ էության հաստատում է նաեւ պատգամավորը, ով չի ժխտել, որ եկել է իրավիճակը հսկելու:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի՝ պատգամավորը պարտավոր է.

- չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի.

- իր գործունեությամբ նպաuտել Ազգային ժողովի նկատմամբ վuտահության եւ հարգանքի ձեւավորմանը.

- ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիu դրuեւորել պատգամավորին վայել վարքագիծ,

ընդ որում՝ վերոհիշյալ պահանջները վերաբերում են ինչպես պատգամավորի լիազորությունների իրականացմանը, այնպես էլ ամենօրյա վարքագծին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ՀԿ գտնում է, որ պատգամավոր Ս. Ալեքսանյանի՝ ընտրական գործընթացներին միջամտելու (թեկուզեւ` «կարգուկանոն հաստատելու անմեղ միտումով») վարքագիծը որեւէ աղերս չունի պատգամավորի գործառույթների հետ, ինչի հետեւանքով հանրության մոտ բացասական կարծիք է ձեւավորվում ԱԺ պատգամավորի կարգավիճակում գտնվող պաշտոնյայի մասին եւ  ստվեր է նետվում նրա կողմից ներկայացվող կառույցի եւ Աժ պատգամավորի ինստիտուտի հեղինակության վրա:

Վերոնշյալի հիման վրա դիմելով Էթիկայի հանձնաժողով` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ՀԿ-ն խնդրել է քննության առնել սույն դիմումը եւ կայացնել որոշում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ: