Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ Երեւանի մանկական հիվանդանոցների ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է մինչեւ յոթ տարեկան երեխաների բժշկական սպասարկման հարցը։
Նախարարը նշել է, որ այդ առնչությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջին օրերին տեղ գտած հրապարակումները խիստ մտահոգիչ են։
«Անընդունելի է, որ փորձ է արվում ստվերել մինչեւ այժմ շատ լավ գործող ծրագիրը։ 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումը եղել եւ մնալու է պետպատվերի շրջանակներում։ Հասկանալի է, որ ձմռանն արձանագրված գրիպի բռնկման պատճառով մեր շատ բուժհաստատություններ նախատեսվածից ավելի ծառայություններ են իրականացրել։ Հասկանալի է նաեւ, որ Երեխայի պետական հավաստագրի ներդրման, նոր ծառայությունների կազմակերպման ու բարձր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ մեծանում է դիմելիությունը, միաժամանակ բարձրանում ծառայությունների ինքնարժեքը։ Սակայն ոչինչ չպետք է խանգարի երեխաների անվճար բուժմանը։ Ահազանգերի դեպքում շատ խիստ մոտեցում է ցուցաբերվելու»,-ասել է Դերենիկ Դումանյանը։
Նա առանձին-առանձին հետաքրքրվել է բոլոր բուժհիմնարկներում առկա վիճակով ու խնդիրներով եւ դրանց լուծման նպատակով նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ է տվել։ Մասնավորապես, ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությանը հանձնարարվեց ուսումնասիրել ֆինանսական հատկացումներն` ըստ ծառայությունների, եւ անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ կատարել։ Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչությանը հանձնարարվեց ուսումնասիրել մանկական ակնաբուժական ծառայության վիճակը` բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների ցանկը, դրանց հզորությունները, սարքավորումներով եւ մասնագետներով հագեցվածությունը եւ այլն։ Միաժամանակ, հանձնարարվել է քննարկումներ կազմակերպել ստացիոնար եւ պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների հետ` ծանրաբեռնվածությունները ճիշտ բաշխելու եւ միմյանց հետ համագործակցելու նպատակով։
Որոշվել է խնդրին անդրադառնալ հանձնարարականների արդյունքներն ունենալուց հետո։



























