Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական եւ տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ  Արմեն Գեւորգյանն այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է  Հայաստանում Միացյալ Արաբական էմիրությունների նորանշանակ դեսպան Սայիֆ Մոհամմեդ ալ Զաաբիին (նստավայրը՝ Թեհրան): 

Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին`դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ` վստահություն  հայտնելով, որ  նա իր հետագա գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը  քննարկվել են  համագործակցության ընդլայնման, առեւտրատնտեսական կապերի զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն արձանագրել են, որ վերջին տարիներին զգալի քայլեր են արվել երկու երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու, դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ:  Առեւտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից նրանք կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի դերը: Քննարկվել են  հանձնաժողովի առաջին նիստի անցկացման ժամկետների, օրակարգի հետ կապված հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ  Հայաստանում ԱՄԷ դեսպանության բացման անհրաժեշտությանը` ընդգծելով, որ դրանով նոր  որակ կհաղորդվի երկկողմ հարաբերություններին:

Դեսպանը նշեց, որ Էմիրություններում հետաքրքրված են  Հայաստանի հետ առավել սերտ համագործակցությամբ`  պատրաստակամություն հայտնելով իր գործունեությամբ նպաստել փոխգործակցության խորացմանը: Հայտնում են ՏԿՆ մամուլի ծառայությունից: