Երեւանում տնտեսվարողների կողմից շենքերի ճակատային հատվածներում փակցված գովազդային պաստառները, ինչպես նաեւ գովազդային վահանակները, պետք է համապատասխանեն «Գովազդի մասին» ՀՀ օրենքին եւ Երեւանի ավագանու ոլորտը կարգավորող որոշումներին: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, մամուլի ասուլիսում նշել է Երեւանի քաղաքապետարանի Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը՝ հավելելով, որ այդ նպատակով քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ուղարկվել են ծանուցումներ՝ օրենքը խախտող գովազդներն ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու պահանջով: Թերությունների վերացման վերջնաժամկետ սահմանվել է մայիսի 29-ը. այդ դեպքում տնտեսվարողները կխուսափեն վարչական պատասխանատվությունից:

Արազ Բաղդասարյանն ընդգծել է, որ տնտեսվարողներին կտրվի  անվճար մասնագիտական խորհրդատվություն: Դիզայներական ծառայությունները եւս, ի դեպ, կմատուցվեն անվճար:

«Համատեղ այս աշխատանքի շնորհիվ մենք ոչ միայն քաղաքի ճարտարապետական տեսքի հետ կապված խնդիր ենք լուծում, այլեւ համապատասխանեցնում ենք տեղադրված գովազդները օրենքի պահանջներին: Շրջայցերի արդյունքում կգույքագրենք թերություններն, ու կկազմվեն համապատասխան վարչական արձանագրություններ: Ըստ օրենքի՝ գրվածքները ոչ միայն պետք լինեն հայերենով, այլեւ դրանք իրենց տառաչափով, դիրքով եւս պետք է չզիջեն օտարալեզվին»,- նշել է արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը:

Անդրադառնալով հարցին՝ Լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը նշել է, որ համագործակցության հիմնական նպատակը ՀՀ պետական լեզուն՝  հայերենը, կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ գովազդների դեպքում եւս կիրառելի դարձնելն է:

«Վստահ եմ, որ քաղաքապետարանի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ եւ տեսանելի: Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հնարավոր կլինի քայլ առ քայլ այս խնդրին վերջնական լուծում տալ»,- նշել է լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետը: