NEWS.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակա լճակում 14-ամյա տղայի ջրահեղձվելու դեպքի մասին:
Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Թեւոսը իր հասակակից ընկերների եւ հորաքրոջ որդու հետ գնացել էին ձուկ բռնելու, հետո տղաներից մեկը մտել է լողալու, Թեւոսը եւս որոշել է լողալ: Գյուղապետը շեշտեց, որ այդ հատվածում 6-7 մետր խորությամբ ջուր է եւ շատ սառն է, երեխան մտել է ջուրը եւ ջրահեղձվել է: Նա նշեց, որ տղայի հետ գնացած ընկերներն են զանգահարել Արտակարգ իրավիճակների նախարարություն, բայց տղան 35 րոպե մնացել է ջրում:
Գյուղապետը տեղեկացրեց, որ Թեւոսի ավագ քույրը 15 տարեկան է, իսկ փոքր եղբայրը «դեռ գրկի երեխա է»: Հունան Ռուբենյանն նշեց, որ ջրահեղված տղային դրել էին հորեղբոր անունը, ով Ղարաբաղյան պատերազմում էր զոհվել, «ու նորից այդ ճակատագրին արժանացավ»: Նա նշեց, որ ընտանիքի սոցիալական վիճակը շատ վատ է, աշնանը ՊՆ-ի եւ գյուղապետի օգնությամբ հազիվ կարողացել են տանիքը փոխել եւ ցանկապատ անել:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակա լճակում մարդ է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ Թեւոս Մելքոնյանի (ծնվ. 1999թ.) դին:




























