ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել մայիսի 23-24-ին կայացած տարածաշրջանային այցի կապակցությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, թե Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Քելլին (ԱՄՆ), եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը այցելել են տարածաշրջան` «շարունակելու իրենց ջանքերը կողմերին օգնություն ցուցաբերելու եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու գործում»:

Բաքվում եւ Երեւանում նախագահներն ու միջնորդները քննարկել են իրադարձությունների զարգացումը վերջին հանդիպումներից հետո, հաստատել են իրենց հավատարմությունը խաղաղ բանակցություններին, նաեւ մտքեր են փոխանակել այս տարի ավելի ուշ բարձր մակարդակով հանդիպելու համար:

Համանախագահները պատրաստակամություն են հայտնել քննարկել խաղաղ գործընթացն առաջ մղելու գաղափարները եւ կրկին հայտարարել են լարվածությունը սրող կամ բանակցություններին վնասող գործողութուններից կամ հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտության մասին:

Առաջիկա շաբաթներին միջնորդները կհանդիպեն արտգործնախարարների հետ` քննարկելու հակամարտության կարգավորման փոխընդունելի մոտեցումները: