Պայմանագրային զինծառայող 40-ամյա Լավրենտ Ա.-ն շարքային զինծառայողներից 352 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժողության գողություն է կատարել: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 40-ամյա Լավրենտ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում` որպես կաթսայատան պետ, կոչումով` շարքային, հարմարեցված առարկայի միջոցով բացելով զորամասի մարզադահլիճի փակ դուռը, ապօրինի մուտք է գործել մարզադահլիճ, որտեղից գաղտնի հափշտակել է պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ռաֆիկ Մ.-ին, Սեւակ Ա-ին, Մաքսիմ Մ.-ին, Տիգրան Ա.-ին եւ Շամիր Ա.-ին պատկանող, 352 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժողության, զգալի չափի սպորտային հանդերձանքի պարագաները, ինչպես նաեւ Ռաֆիկին, Սեւակին ու Մաքսիմին պատկանող, վերջիններիս հագուստի մեջ պահված, ընդհանուր 20 հազար ՀՀ դրամը:
Նա հանդերձանքի պարագաները հետագայում զորամասից դուրս բերելու նպատակով դրանք թաքցրել է զորամասի էլեկտրիկի սենյակում, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նույն օրը, ժամը 11:00-ի սահմաններում նշված զինծառայողները գողոնը հայտնաբերել են էլեկտրիկի սենյակում:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողություն, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Գործը կողմերին է ուղարկվել մայիսի 22-ին:




























