Արդեն մոտ 10 օր է` Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանը գտնվում է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Այն, ինչ տեղի է ունեցել Ամալյա Նազարեթյանի հետ, 37 թվի ստալինյան ռեպրեսիաները կամ ժամանակակից հոլիվուդյան ֆիլմերի սարսափ սյուժեներն է հիշեցնում:

Նախօրեի երեկոյան «ՀԺ»-ն ահազանգ ստացավ շենքի բնակիչներից մեկից, որ իրենց հարեւանուհուն ինտելիգենտ, նախկինում ուսուցչուհի, բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան: Զանգահարած երիտասարդ կինը խոսելու ընթացքում ծայրահեղ հուզված էր եւ օգնություն էր աղերսում: Բանն այն է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի աոաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարեւանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին եւ երկրորդ հարկերի միջեւ: Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա եւ խանութի ներկայացուցիչների միջեւ լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարեւանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը ձեռքին մի թուղթ եւ հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարեւանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարեւաններից որեւէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ. ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարեւանները պարզել են. որ նրան տեղափոխել են հոգեբուժարան:

«Իդեալ» խանութների ցանցը կապվում է Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան հետ: Ամալյա Նազարեթյանը ամուսնացած չէ, նա երեխաներ չունի: Նա իհարկե դժբախտ է, որ ժամանակին չի ամուսնացել եւ Ներսես Նազարյանի նման մի զավակ էլ ինքը չի ծնել, քանի որ Նազարյանի եւ նրա նմանների մայրերի հետ նման բան չէր կարող պատահել: Սակայն խնդիրն այստեղ միայն Նազարյանը չէ, տասնյակ մարդիկ ոստիկաններ, բժիշկներ, դատավորներ մասնակցել են այս բարբարոսությանը եւ որեւէ մեկը չի ընդդիմացել...»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):