«Եվրոպայի Հայերի Համագումար» կազմակերպությունը հայտարարություն է տարածել մարտի 1-ի ողբերգկան իրադարձությունների 2-րդ տարելիցի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ինչպես 1999 թ. հոկտեմբերի 27-ը, նույնպես և 2008 թ. մարտի 1-ը, եկավ կոտրելու մեր ժողովրդի կամքն ու ոգին: Մարտի 1-ով, մանավանդ, մեծ հիասթափություն ապրեց սփյուռքահայ երիտասարդ սերունդը, իր նորանկախ և երանելի երկրում ականատես դառնալով մասսայական ցույցի դեմ աներևակայելի դաժանության և սպանդի»:
Այնուհետեւ ԵՀՀ-ն ներկայացնում այն քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել Հայաստանում:
«Հրամայական պահանջ է երկրում հաստատել իրական և ոչ թե ձևական համերաշխության և փոխհանդուրժողականության մթնոլորտ: Չքաղաքականացնել ոչ մի դատավարություն և ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ու դատի ենթարկված բոլոր ձերբակալվածներին: Ձեռնարկել միջոցներ, որոնք իսպառ կբացառեն հետագայում նման իրադարձությունների կրկնությունը,
Երկրում հաստատել օրենքի գերակայություն,
Մշակել և ներդնել սոցիալական արդարության հաստատման ռազմավարական ծրագիր,
Վերացնել տնտեսական ոլորտի արտոնություննրը, ապահովել ազատ, արդար և ազնիվ մրցակցություն,
Ապահովել ՀՀ-ի Սահմանադրության պահանջները և տարանջատել օրենսդիր, գործադիր և դատաիրավական համակարգերի գործունեությունը
Անցկացնել թափանցիկ և արդար ընտրություններ` ապահովելով արժանապատիվ և բանիմաց քաղաքացիների մուտքն ԱԺ և տեղական ինքնակառավարման մարմիններ,
Կիրառել նոր, արդիական մոտեցումներ երկրի տնտեսական և նեքին արդյունաբերության զարգացման համար, ապահովել նաև արտաքին ներդրումային ծրագրերի ապահովածություն` այլևայլ բյուրոկրատական, կրիմինալ և օլիգարխիկ-մոնոպոլ խոչնդոտներից,
Ապահովել պետականության ամրապնդման և հզորացման համար ներդրում ունեցող քաղաքացիների բարեկեցիկ և իմաստալից կյանք»:
Հայտարարության հեղինակները նաեւ կոչ են անում համայն հայությանը` «անկախ իրենց զբաղեցրած դիրքից և ֆինանսա-տնտեսական վիճակից, ձեռնամուղ լինել վերոնշյալ գործընթացների իրականացման օժանդակմանը` հանուն անխոցելի ազգային միասնության, ժողովրդի ազատ ու երջանիկ կյանքի ապահովման և հայոց պետականության հզորացման և հարատևման»:



























