Զարգացած երկրների բնակիչները հոռետեսորեն են տրամադրված իրենց երկրների տնտեսությունների նկատմամբ, ասվում է Pew Research գործակալության հետազոտության մեջ: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ զարգացող պետությունների քաղաքացիներն ավելի լավատես են սեփաական երկրների տնտեսությունների հարցում:
Ըստ հարցումների` Ռուսաստանի բնակիչների 61 տոկոսը չի հավատում երկրների տնտեսությանը, լավատես են 33 տոկոսը: Գրեթե նույնպիսի հարաբերակցություն է ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում: Ընդհանուր առմամբ, զարգացած երկրներում ազգային տնտեսությունների նկատմամբ դրական են տրամադրված 24 տոկոսը, իսկ մինչեւ ճգնաժամն այդ ցուցանիշը կազմում էր 44 տոկոս:
Զարգացածների մեջ ամենալավատեսը Գերմանիան է, որտեղ երեք քառորդը լավատեսորեն է տրամադրված, իսկ ամենաշատ հոռետեսներն ապրում են Իտալիայում, հունաստանում, Իսպանիայում: Զարգացող երկրներում ազգային տնտեսություններին հավատում են բնակիչների 53 տոկոսը, իսկ ամենալավատեսները չինացիներն են` 88 տոկոս, Բրազիլիայում այդ ցուցանիշը կազմում է 85 տոկոս, գրումէ Lenta.ru-ն:



























