«Ժառանգություն» կուսակցության ակտիվիստներն ու համանուն խմբակցության Երեւանում գտնվող պատգամավորներն այսօր ժամը 15-ին «Ժառանգության» կենտրոնական գրասենյակի դիմացից (Մարտիրոս Սարյանի արձանի հարևանությամբ) երթով կշարժվեն դեպի Մյասնիկյանի արձան` հարգանքի տուրք մատուցելու և ծաղկեպսակ դնելու մարտի 1-ին զոհվածների հիշատակին:
Ինչպես NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, այս նախաձեռնությունը կուսակցության «Հայք» երիտասարդական կառույցինն է: Նրա խոսքով, այս պահին Երեւանում չեն գտնվում կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով գտնվում է Ղարաբաղում, եւ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լարիսա Ալավերդյանը, ովքեր գտնվում են ԱՄՆ-ում:
Ս. Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ 2008-ի մարտի 1-ից մինչ օրս այդ ողբերգական իրադարձությունների հետ կապված, հասարակությունն, ըստ էության, որեւէ բանի չի հասել: «Ներքաղաքական ճգնաժամը, որն առաջացել էր 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքում, չհանգուցալուծվեց: Երկու տարի իշխանություններն ուղղակի փորձեցին կոծկել իրականությունը, բացի կոսմետիկ քայլերից, ոչինչ չարեցին: Տակավին Հայաստանում ունենք քաղբանտարկյալներ, ժողովրդի մտքերում ու հոգիներում անպատասխան մնացած հարցեր եւ չպատժված իշխանավորներ»,-ընդգծեց նա:




























