Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է մի ընտանիքի յոթ անդամների, որոնց կասկածում են մարդկանց զոհաբերություններ կատարելու՝ այդ թվում 10-ամյա Սապնի Պալասկարի սպանության մեջ:
Մահացած երեխայի հարազատ տատիկը՝ Յաշոբադայ Մեշրամը հարցաքննության ժամանակ պատմել է եղելության մանրամասները:
Ինչպես հայտնում է «Նոր քրոնիկներ»-ը, երեխայի տատիկի պնդմամբ՝ իրենց հարազատներից մեկը տեսել է մի երազ, որում աստվածները նրանից պահանջել են մարդկային էակի զոհաբերել իրենց: Եվ քանի որ ընտանիքը հնդկական պաշտամունքներից մեկի հետեւորդներից է, այստեղ աստվածների ցանկությունները քննարկման ենթակա չեն:
Զոհաբերության բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո, տատիկն ինքն է անձամբ իր ձեռքով կտրել 10-ամյա երեխայի կոկորդը: Դրանից անմիջապես հետո նա խմել է արյան մի մասը, իսկ մնացածը նվիրաբերել է աստվածներին՝ հեղելով այն զոհասեղանի վրա: Արարողությունը վարել է տեղացի քահանա Շելկի Բուվան, ով նույնպես ձերբակալված է:
Սպանված աղջնակի հագուստը եւ ոսկորները հայտնաբերվել են մայիսի 20-ին: Ըստ դատաբժշկական եզրակացության, դրանք պատկանում են յոթ ամիս առաջ անհետացած երեխային: Այն ժամանակ Սապնա Պալասկարը ոստիկանության կողմից համարվում էր անհետ կորած, այն բանից հետո երբ նա դպրոցից տուն չէր վերադարձել:




























