Այսօր՝ մայիսի 29-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին, Սենատի անդամներ Անրի դը Ռենկուրին եւ Բեռնար Սոճենին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով խորհրդարանականներին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել վերջիններիս երկարամյա ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։

Նախարար Նալբանդյանը հատուկ կարեւորել է ֆրանսիացի խորհրդարանականների այցելությունն Արցախ։ Ֆրանսիայի խորհրդարանի անդամներն իրենց տպավորություններն են կիսել Լեռնային Ղարաբաղ իրենց այցի մասին:

Ֆրանսուա Ռոշբլուանը, Անրի դը Ռենկուրը եւ Բեռնար Սոճենը վստահեցրել են, որ շարունակելու են ջանքերն ուղղված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային կարեւորության խնդիրներին։