Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, մայիսի 21-25-ին, տեղի է ունեցել «Քրիստոնյաների ներկայությունը եւ վկայությունը Մերձավոր Արեւելքում» թեմայով միջազգային համագումար, որը կազմակերպել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն ու Մերձավոր Արեւելքի Եկեղեցիների Խորհուրդը:

Համագումարին մասնակցել են շուրջ 200 ներկայացուցիչներ Միջին Արեւելքի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Աֆրիկայի եկեղեցիներից ու էկումենիկ կազմակերպություններից:

Քննարկումների հիմնական նպատակն էր` տարածաշրջանում զարգացումների վերլուծությունը եւ Միջին Արեւելքի երկրներում ստեղծված դրության վերաբերյալ Միջին Արեւելքի Եկեղեցիների, ինչպես նաեւ էկումենիկ ընտանիքի դիրքոշումների հստակեցումը: Համագումարի մասնակիցներն իրենց մտահոգությունն արտահայտեցին քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ դրսեւորվող բռնությունների եւ տարածաշրջանից քրիստոնյա բնակչության նկատելի արտագաղթի առիթով:

Կոնֆերանսի ավարտին ընդունվել է հռչակագիր, որով կարեւորվել է տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտի վերականգնումը, կրոնական համայնքների խաղաղ համակեցությունը, ինչպես նաեւ շեշտվել քրիտոնյա համայնքի պաշտպանությանն ու պահպանմանն ուղղված  տարբեր միջոցների գործադրման անհրաժեշտությունը: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համագումարին ներկայացրել են Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը եւ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: