Որտե՞ղ է այժմ Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան: Այդ հարցի պատասխանը փորձել է գտնել բրիտանական The Times թերթը` նշելով, որ «անտեսանելի» Պուտինան հասարակության աչքին չի հայտնվել արդեն մեկ տարի:
Երբ ապրիլին ՌԴ նախագահը Զատկի պատարագի էր եկել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ուղեկցությամբ, ռուսալեզու ինտերնետում կատակներ էին տարածվել, թե Պուտինը ամուսնացել է հավատարիմ զինակցի հետ:
Ինչպես նշում է հոդվածի հեղինակ Թոնի Հալփինը, մասմաբ այդ սուր կսմիթներն ուղղված էին նույնասեռականության քարոզի արգելքի օրենքի դեմ: Բայց գլխավոր հարցը բաց է մնում` որտե՞ղ է Լյուդմիլա Պուտինան: Նրա ծննդյան 55-րդ տարեդարձն աննկատ է անցել: «Բացառություն» էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորանքը Twitter-ում:
Ռուսաստանցիները չգիտեն, թե որտեղ է առաջին տիկինը, ինչով է զբաղվում, իսկ անգիտությունը շշուկներ է ծնում: Ըստ այդ շշուկների, Լյուդմիլային աքսորել են մենաստան, թաքցրել Սանկտ-Պետերբուրգում կամ էլ ուտինի առանձնատանը: Կամ էլ Վլադիմիր Պուտինը վերադարձել է խորհրդային ավանդույթին, երբ առաջնորդներն իրենց կանանց հանրությանը չէին ներկայացնում: Հուլիսին նրանց ամուսնության 30-ամյակն է, գրում է լրագրողն ու հարցնում` արդյոք նրանք կնշեն այդ օրը:




























