Աթենքի կենտրոնում ուլտրաաջ «Ոսկե լուսաբաց» կուսակցության կազմակերպած ջահերով երթն է տեղի ունեցել՝ նվիրված Կոստանդնուպոլսի՝ Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի անկման տարելիցին:

Միտրոպոլիս հրապարակում մայիսի 29-ին մի քանի հազար մարդ է հավաքվել՝ հարգելու Բյուզանդիայի վերջին կայսեր՝ Կոնստանտին Պալեոլոգոսի հիշատակը, որը զոհվել էր քաղաքի պաշտպանության մարտերում:

Ելույթ ունեցողները, որոնց շարքում կային նաեւ խորհրդարանի պատգամավորներ,  «ազգային դիմադրության», երկիրը ներգաղթյալների գերիշխանությունից ազատագրելու կոչ են արել: Նրանք Հունաստանի ներկայիս իրավիճակը համեմատել են Կոստանդնուպոլիսի անկման հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ոսկե լուսաբացը» համարում են նեոնացիստական կուսակցություն: Սակայն, ըստ հանրային կարծիքի հարցման արդյունքների, այն հաստատուն երրորդ տեղն է զբաղեցնում իր հանրահայտությամբ:  Կոստանդնուպոլիսը թուրքերը գրավել էին  1453թ. մայիսի 29-ին՝  սուլթան Մեհմեդ Երկրորդի օրոք: Քաղաքը վերանվանվել էր Ստամբուլ եւ դարձել Օսմանյան կայսրության մայրաքաղաքը՝ մինչեւ կայսրության անկումը: